Концерн 'БАЙАЗЕТ'

Տիգրան Մեծ

 

Հույն - պարսկական պատերազմները, դիադոխների ժամանակաշրջանի քաղաքական ճգնաժամերը հազվադեպ էին խախտում հայկական շրջանների խաղաղ զարգացումը: Հայաստանն արագ զարգանում էր, բնակչության թիվն ավելանում էր: Նրա հարստության մասին խոսվում էր հունական և հռոմեական արձանագրություններում:

Արտաշեսից  հետո  գահը  ժառանգեցին նրա երկու որդիները Արտավազդ I - ը և Տիգրան I - ը: Այդ ժամանակ քաղաքական դաշտում մեծ փոփոխություններ էին տեղի ունենում: Առաջավոր Ասիայում Իրանական լեռնաշխարհում մ.թ.առաջ III - րդ դարում ձևավորվեց Պարթևական Պետությունը: Պարթևների թագավոր Միհրդատը պայքարի մեջ է մտնում Սելեվկիդների հետ և հաղթելով, ընդարձակում է իր երկրի սահմանները մինչև Եփրատ գետ: Միհրդատը բախումներ է ունենում նաև Արտավազդի հետ և գերեվարում նրա որդի Տիգրանին (ապագա Տիգրան Մեծին), սակայն շուտով ազատ է արձակում, փոխարենն ստանալով Հայաստանի հարավ - արևմուտքում գտնվող տարածքները: Եկավ Մեծ Հայքի ոսկե ժամանակաշրջանը, երբ գահը ժառանգեց Տիգրանը, Արտաշես I - ի թոռը: Հայաստանի նոր թագավոր Տիգրան II - ը Հայաստանի սահմաններն ընդլայնեց ի շնորհիվ արտաքին արշավների և իր պետությունը վեր ածեց ժամանակի ամենահզոր գերտերություններից մեկի: Տիգրան Մեծն իր գահընկալությունն սկսեց Արտաշեսի կիսատ թողած գործն ավարտին հասցնելով: Նա առանց դժվարության գրավեց Սոֆենը, եփրատամերձ հայկական շրջանը, որտեղ թագավորում էր Զարեհի հետնորդ Արթանը: Այդ քայլը Հայաստանին հանեց միջազգային հարաբերությունների նոր մակարդակի: Սոֆենան գոյատևում էր իր հարևան Կապադովկիայի հովանու ներքո: Սակայն հիմա Կապադովկիան ևս գտնվում էր օրեցօր հզորացող Պոնտոսի թագավորության ահագնացող վտանգի տակ: Պոնտոսի արքա Միտրիդատ Եվպատոր IV - րդը, ձգտելով մերձենալ Հայաստանի հետ, կնության է տալիս իր դուստր Կլեոպատրային հայոց արքա Տիգրան Մեծին:

Միտրիդատը և Տիգրան Մեծը համաձայնության են գալիս գրավել Կապադովկիան և ըստ այդ դաշնի Պոնտոսին մնում էր Կապադովկիայի տարածքը, իսկ Հայաստանին ամբողջ ազգաբնակչությունը: Այդ ազգի մարդկանցով հայոց արքան լրացնում էր իր ստրուկների և աշխատուժի պաշարները:

Հայկական բանակի առաջին արշավը դեպի Կապադովկիա 93 թվականին էր: Նա հեշտությամբ գրավեց երկիրը, իսկ երկրի տիրակալ Արիոբորզանը փախավ Հռոմ:

Իր զավթողական պլանի հիմնական նպատակը Տիգրան Մեծը համարում էր առաջին հերթին Պարթևական Պետությունը, որը գրավել էր Միդիան, Ատրոպատենան, հյուսիսային Միջագետքի երկրները և հիմնավորվել  Հայկական Լեռնաշխարհում: Մոտ մ.թ. աժաջ 87 - թին հայկական զորքերը ներ խուժեցին Ատրոպատենա և Միդիա: Պարթևի արքա Գոթարզը սարսափահար դաշն կնքեց և հանձնեց Տիգրանին ոչ միայն տարածքը այլ նաև պարթևական արքաների հպարտ «արքայից արքա» կոչումը: Տիգրան Մեծը հաստատեց իր անվերապահ իշխանությունը Միդիա Ատրոպոտենայի նկատմամբ, իր դստերը կնության տալով այդ երկրի արքային:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն