Концерн 'БАЙАЗЕТ'
Սկիզբ  >  Հայաստանի պատմություն   >  Հայոց լեզու  >  Հայոց լեզվի ծագումը

Հայոց լեզվի ծագումը

 

Հայոց լեզուն համարվում է յուրատեսակ և ինքնատիպ: Այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան խմբին և իր հատկանիշներով նման է սլավոնական, հնդիրանական և բալթյան լեզուներին: Իսկ Հայաստանի աշխարհագրական դիրքով բացատրվում է լեզվի նմանությունը որոշ արևմտյան հնդեվրոպական լեզուների հետ: Հայոց լեզուն դարերի ընթացքում չի դարձել «քարացած» լեզու, ինչպես օրինակ լատիներենն ու հնդեվրոպական լեզվախմբին պատկանող մյուս հնագույն լեզուն - հին հունարենը, այլ շարունակում է զարգանալ, լրացնելով իր բառացանկը նորանոր բառերով և քերականական փոփոխությունների է ենթարկվում, արդիականանալով և ժամանակակից ոգի ստանալով:

Այսօր հայոց լեզուն հարուստ բառարան ունի: Պարսկական բազմադարյան լուծն իր հետքն է թողել լեզվի վրա, ինչով բացատրվում է պարսկական մեծաքանակ բառերի առկայությունը արդի հայոց լեզվում: Քրիստոնեության զարգացման հետ լեզվում կիրառական դարձան սիրիական և հունարեն բառերը: Խաչակրաց արշավանքներից մնացին ֆրանսիական ծագում ունեցող բառերը: Իսկ Օսմանական պետության ազդեցությամբ պայմանավորված են թյուրքալեզու բառերի օգտագործումը թե խոսակցական և թե գրական հայերենում: Չնայած այդ ամենին, հայոց լեզուն պահպանել է 11 000 բառարմատ, որոնցից 900 - ը պատկանում են հենց հնդեվրոպական լեզվախմբին:

Իր լեզվախմբում հայոց լեզուն համարվում է հնագույն գրավոր լեզուներից մեկը: Գրավոր խոսքը  Հայաստանում սկսել է զարգանալ 4 - րդ դարավերջին, հայկական այբուբենի ստեղծման հետ միաժամանակ: Գրավոր լեզուն հիմք դրեց թարգմանչական գործունեությանը: Սկսեց թարգմանվել մեծ քանակությամբ հոգևոր գրականություն այլ լեզուներից: Ի շնորհիվ դրա մինչ մեր օրերն են հասել անտիկ գրականության գոհարներ, հայերեն թարգմանված և մենք դրանք փոխանցում ենք հաջորդ սերունդներին, քանի որ այդ թարգմանությունների բնօրինակները վաղուց ոչնչացված են: Առաջին հայ թարգմանիչը համարվում է Մեսրոպ Մաշտոցը, իսկ առաջին հայերեն թարգմանված գիրքը Աստվածաշունչն է:

5 - րդ դարի սկզբին Հայաստանում արդեն գրվել էին 40 ստեղծագործություններ: Դրանք գրվել էին գրաբար հայերենով: Գրաբարը հնագույն հայոց լեզուն է, որն իր հնչողությամբ և բառակազմական բարդ կանոններով նման է հին հունական և լատիներեն լեզուներին, ինչպես նաև հին գերմաներենին և հին սլավոներենին: Գրաբարը հնչողությամբ և քերականությամբ ամբողջական հայոց լեզու է, որի ստեղծման հիմքում ընկած է հնագույն հայերենի բարբառներից մեկը:

Հայոց լեզվի զարգացման հաջորդ փուլը դա միջնադարյան հայոց լեզուն է: 5 - րդ դարում, գրաբարին զուգահեռ սկսեց օգտագործվել միջնադարյան հայոց լեզուն: Այս լեզվով շարադրվում էին բժշկական, գյուղատնտեսական ձեռնարկներ, պոեզիա: Այն դարձավ ժամանակի պաշտոնական կիրառելի լեզուն և կամաց սկսեց դուրս վանել գրաբարին: Միջնադարյան հայերենն էլ ժամանակի ընթացքում վեր ածվեց արդի հայոց լեզվի, որով այսօր աշխարհում խոսում են մոտ 10 միլիոն մարդ:

Ժամանակակից հայոց լեզուն երկու ճյուղ ունի-արևմտյան (կոնստանտինոպոլսյան բարբառով) և արևելյան (արարատյան բարբառով): Արևելահայերենը հանդիսանում է գրական լեզու Հայաստանում, Հնդկաստանում և նախկին խորհրդային պետություններում ապրող հայերի համար: Արևմտահայերենը  ԱՄՆ - ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լիբանանում ապրող հայերի գործածական լեզուն է:  Ի տարբերություն արևմտահայերենի, արևելահայերենը 1920 - ական թվականներից համարվում է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն:

 

 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն