Концерн 'БАЙАЗЕТ'

Ջերմուկ

Ջերմուկը Հայաստանի գեղատեսիլ վայրերից է: Կուսական անտառներ և բարձրադիր ալպիական մարգագետիններ, դաշտավայրեր և լեռներ, ցաքուցրիվ սփռված «քարե ծովեր», Արփա գետի հիասքանչ հովիտ, որտեղ բարձր ժայռերը հնագույն ամրոցների ավերակներ են հիշեցնում: Հիանալի տպավորություն է թողնում բյուրեղյա ջրվեժը, որը գահավիժում է բարձունքից և մաքուր աղբյուրի ջուրը հանգրվանում կիրճի մեջ:


Հայաստանի ամենահայտնի հանգստարանային քաղաքը գտնվում է Վայոց Ձորի մարզի հյուսիս-արևելքում, ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա: Քաղաքի միջով հոսում է Արփա գետը: Եղանակային պայմաններն այստեղ լեռնային են զով ամառ և ձնառատ ձմեռ: Քաղաքի անունն առաջացել է «ջերմ»-տաք բառից, որով բնութագրվում են տաք հանքային ջրերի առկայությունն այս տեղանքում:


Հետագայում «Ջերմուկ» անվանվեց ամբողջ աշխարհում հայտնի հանքային ջուրը, որն իր բաղադրությամբ և կազմով շատ մոտ է չեխական Կառլովի Վարի հանգստավայրի բուժիչ ջրին: Բացի այդ, մեր հանքային ջուրը մակերևույթ է հասնում արդեն բարձր ջերմաստիճանով, ինչն ավելի արդյունավետ է դարձնում նրա բուժիչ հատկանիշները: Որպես հանգստավայր Ջերմուկը գործում է 1935թ.- ից: Այստեղ գործում են մի շարք արդյունաբերական կազմակերպություններ, որոնցից ամենախոշորը «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանն է: Հայ մի շարք ականավոր բժիշկներ ավելի են բարձրացնում այս առողջարանի կարգավիճակն ու նշանակությունը:


Ջերմուկի առանձնահատկություններն են բարեխառն եղանակային պայմաններն ու հանքային աղբյուրները, որոնք արժանացել են ուշադրության դեռևս 19-րդ դարում:


1980-ական թվականներին առողջարանը միաժամանակ կարող էր ընդունել հազարից ավելի հիվանդների: Այստեղ գործում է նաև հանքային ջուր խմելու սրահը:

Ժամանակակից և հարմարավետ այս քաղաքը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հանգստավայրը: Նա հայտնի է նաև իր «Ջերմուկ» հանքային ջրով, որն ի շնորհիվ իր բացառիկ հատկությունների արտահանվում է արտաքին շուկա և գրավում առաջնային դիրքեր: 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն