Концерн 'БАЙАЗЕТ'

Դիլիջան

Հանգստավայր Դիլիջանը գեղատեսիլ փռվել է անտառներով ծածկված Աղստևի հովտում, մայրաքաղաքից 106 կմ հյուսիս-արևմուտք:


Հնում քաղաքի տարածքը մտել է Մեծ Հայքի Այրարատ մարզի Վարազնունիք Գավառի կազմի մեջ: Այստեղ եղել են Արշակունիների ամառային պալատներն ու որսի արգելավայրերը:


Եղել է չի եղել մի հովիվ Դիլի անունով: Մի անգամ նա մոլորվում է իր հոտի հետ սարերում և չի վերադառնում տուն: Տագնապահար եղած մայրը բարձրանում է սար և սկսում կանչել որդուն «Դիլի՜ ջան, ուր ես Դիլի՜ջան»: Երկար փնտրելուց հետո խեղճ կինը գտնում է որդու դին և սկսում ողբալ դիակի վրա «Դիլի՜ ջան,Դիլի՜ ջան»: Այստեղից էլ, ըստ ավանդույթի, տեղանքի անունը մնացել է Դիլիջան:


Դիլիջանը հիմնականում առողջարանային քաղաք է: Մաքուր անտառային օդը, մեղմ եղանակային պայմանները, տաք արևը և հանքային աղբյուրները նպաստավոր են բազում հիվանդությունների բուժման համար:


Հաշվի առնելով այս ամենը, կառուցվել են «Լեռնային Հայաստան», «Դիլիջան» առողջարանները, մանկական հակատուբերկուլյոզային կենտրոնը:


Դիլիջանը ավտոմոբիլային ուղիների հանգույց է, ինչպես և երկաթուղային կայան:
Քաղաքի մշակութային կյանքը կենտրոնացած է իր տեսակի մեջ յուրահատուկ ժողովրդական արվեստի տնով, երկրաբանական թանգարանով և Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղով:


Դիլիջանը և նրա մատույցները հարուստ են պատմա-ճարտարապետական կոթողներով և վանական համալիրներով: Քաղաքից 18կմ հեռավորության վրա գտնվում է Հաղարծին եկեղեցական համալիրը:


Դիլիջան այցելողները ոչ միայն կբուժվեն տարբեր հիվանդություններից, այլ նաև բովանդակալից և անմոռանալի տպավորություններ կստանան այս հիրավի դրախտ հիշեցնող հանգստավայրից: 

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն