Концерн 'БАЙАЗЕТ'

ԱՐԶՆԻ

Երևան քաղաքից 22 կմ հյուսիս, Հրազդան գետի գեղատեսիլ կիրճում, նրա ձախ ափին հպարտ սփռվել է հայտնի հանգստավայր Արզնին: Այս անվան հետ կապված է հայոց պատմության ամենագեղեցիկ առասպելներից մեկը: Ըստ այդ առասպելի այս կիրճում տեղի է ունեցել Արա Գեղեցիկի և Շամիրամի ճակատամարտը: Հայոց արքա Արա Գեղեցիկը Արամ թագավորի գահաժառանգն էր: Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվում է հիասքանչ թագաժառանգին և երազում է նրա կինը դառնալ: Նա Արայի մոտ է ուղարկում իր բանագնացներին-թանկարժեք նվերներով և խնդրում է Արային գնալ Ասորեստան, ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավոր: Սակայն Արան մնում է հավատարիմ իր ազգին և հայրենիքին: Նա մերժում է հպարտ Շամիրամի առաջարկը: Բազմիցս կրկնելով իր առաջարկը և մերժվելով, Շամիրամը բազմահազար զորքով ներ է խուժում Հայաստան, հույս ունենալով գերի վերցնել Արային: Ամենակարևոր ճակատամարտից առաջ Շամիրամը հրաման է տալիս չսպանել հայոց արքային: Սակայն կռվի ժամանակ խիզախ թագավորը զոհվում է: Շամիրամը հուսալով վերակենդանացնել նրան, կանչում է իր արալեզներին: Նրանք շան կերպարով հոգիներ էին, որոնք կռվում զոհված զինվորներին լիզում էին և վերակենդանացնում:


Նա հրամայում է գտնել Արայի դին, բայց բացի Շամիրամից, Արային ոչ-ոք չէր տեսել:Նրա մոտ էին բերում զոհվածների դիակներն ու ասում-առ՛, զննի: Այդպես տեղանքը անվանվեց Արզնի:


Հանգստավայրը հիմնված է աղի-հանքային աղբյուրների բուժիչ հատկությունների վրա:
Եղանակային պայմաններն այստեղ մեղմ են, ձմռանը տաք, իսկ ամռանը զով: Արևային օրը տարվա մեջ 2236 ժամ է: Հանգստավայրը ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա է: Արզնի այցելողի առջև բացվում է գեղատեսիլ բնակավայր, իր ժամանակակից հանգստյան տներով, հանքային ջրերի գործարանով և ածխաթթու գազի արտադրամասով: Այստեղ գործում են երեք հանգստյան տուն մեծահասակների համար և մանկական առողջարան:


Արզնի առողջարանը հիմնականում մասնագիտացված է սիրտ-անոթային համակարգի և մարսողության օրգանների բուժման մեջ: Հանքային ջուրն օգտագործվում է ոչ միայն որպես բարձրորակ սեղանի ջուր, այլ նաև բուժման նպատակով, օգտակար գոլորշիների ներշնչման և վաննաների համար:.


Պեղումները ցույց են տվել, որ Արզնու հանքային ջրերով բուժվել են դեռ անտիկ աշխարհում: Այստեղ հանքային աղբյուրի մաքրման ժամանակ գտնվել են տարբեր երկրների մետաղադրամներ: Հանգստավայրի մոտակայքում, Հրազդան գետի ափին, պեղվել և գտնվել է նախամարդու բնակատեղի, 2կմ երկարությամբ և 5կմ լայնությամբ: Պեղված հնաբանական նյութը իրենից ներկայացնում է մեծ արժեք նախամադրու ապրելակերպը և կենցաղը հետազոտելու համար:


Բացի դրանից Արզնիում կա երկու եկեղեցի որոնք կառուցվել են հինգերորդ և յոթերորդ դարերում: Այնպես որ բուժման նպատակներով Արզնի ժամանողները կստանան նաև բնության գեղեցկությամբ հիանալու և բովանդակալից հանգիստ անց կացնելու հնարավորություն:

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն