Концерн 'БАЙАЗЕТ'

ԵՐԵՎԱՆ


Հարցրու յուրաքանչյուր հայի, որտեղից է սկսվում Երևանը: Եվ նա առանց վարանելու ձեռքը կմեկնի հայերիս համար սրբազան Արարատ լեռանը: Բիբլիական սարի ստորոտին հպարտորեն փռվել է քաղաքամայր Երևանը, միլիոնավոր հայերի միակ մայրաքաղաքը: Երևանը Հայաստանի հնագույն քաղաքներից է: Նրա պատմությունը գալիս է հազարամյակների խորքից: Բազմաթիվ պեղումները ցույց են տվել, որ քաղաքն առաջացել է Էրեբունի քաղաք-ամրոցի տեղում: Մ. թ. ա. 782-ին այժմյան Երևանի բլուրներից մեկի վրա Արգիշտի թագավորը հիմնեց Ուրարտական պետության վարչա-ռազմական կենտրոն Էրերբունին: Սեպագիր արձանագրությունը, որը հայտնաբերվեց պեղումների ժամանակ, այժմ տեղադրված է քաղաքի Պատմության թանգարանի դիմաց: Նրանում ասվում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, կառուցեց այս բերդը հոյակապ և կոչեց քաղաք Էրեբունի, ի փառս Բիայնա երկրի և ի սարսափն նրա ոսոխների»:
Էրեբունի-Երևանը դարերի ընթացքում կարևոր դեր է խաղացել Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում, այստեղով են անցել բազմաթիվ քարավանային ուղիները: Այն եղել է մեծ առևտրական ճանապարհների խաչմերուկ: Սակայն Երևանին բախտ չէր վիճակված ապրել զարգացման բնականոն ընթացքով: Երևանի 7-11րդ դարերի պատմությունն ավերումների, կոտորածների և տարափոխիկ հիվանդությունների մի երկար շղթա է: Առաջին անգամ Երևանը «Այրարատյան աշխարհի մայրաքաղաք որպես» հիշատակվում է 15-18 դարերի գրություններում, երբ քաղաքը դարձել էր կռվախնձոր թուրք-օսմանների և պարսիկների միջև: Քաղաքը հանձնվեց թուրքերին և շուրջ 10 տարի թուրքական լծի տակ մնաց:
1735թ-ին Երևանը հերթական անգամ անցավ պարսիկների ձեռքը և դարձավ Երևանի Խանություն: 1827թ. հոկտեմբերի 1-ին Երևանի գրավումը Ռուսական բանակի կողմից, Ռուսաստանի այլ հաղթանակները Անդրկովկասում, ստիպեցին Պարսկաստանին ստորագրել Թուրքմանչայի պայմանագիրը, ըստ որի նա ընդմիշտ հրաժարվում է զավթված հայկական տարածքներից, այդ թվում նաև Երևանի խանությունից:1 9-րդ դարը Երևանի համար դարձավ արագ զարգացման շրջան:
Երևանը տեղաբաշխված է Արարատյան դաշտավայրի հենց կենտրոնում, ծովի մակարդակից 850ից-1300մ բարձրության վրա: Քաղաքի միջով հոսում է Հրազդան գետը:
Երևանի սիրտը Հանրապետության Հրապարակն է, իր աշխարհի մասշտաբով եզակի շատրվաններով, Թանգարանների համալիրով և այլ վարչական կառույցներով, Մաշտոցի պողոտայով, որը ձգվում է Մատենադարանից մինչ Կենտրոնական քաղաքային շուկա: Մայրաքաղաքը գրավում է իր բազմաթիվ պուրակներով: Անկասկած հայերի և հյուրերի համար սիրած ժամանցի վայր է Օպերայի և Կոնսերվատորիայի շրջակայքն իր բազմաթիվ ամառային գեղեցիկ ու հարմար սրճարաններով, Մատենադարանը, մուտքի մոտ վեր խոյացող Մաշտոցի արձանով, Ծիծեռնակաբերդը, իր երկնահատ հուշարձանով, որը երևում է քաղաքի համարյա բոլոր ծայրերից, ասես հիշեցնելով կատարված արյունարբու ոճրի մասին...
Մայրաքաղաքում հսկայական քանակությամբ եկեղեցիներ կան: Սբ. Կաթողիկեն, Սբ. Սարգիսը, Սբ. Գրիգոր Լուսավորչի Երևանյան հսկա տաճարը, Սբ.Պողոս-Պետրոս եկեղեցու ավերակները,Ավանի վանքը: Եկեղեցաշինությունը խթանող ծրագրերի շրջանակներում դրանց քանակը գնալով ավելանում է:
Ինքնատիպ ճարտարապետությունը, ազգային մոտիվներով համեմված ժամանակակից կառույցները, տուֆի աչք շոյող վարդագույնը, հայ վարպետի ձեռքով հրաշագեղ ասեղնագործած շենքերի շքամուտքերը հատուկ տրամադրություն են ստեղծում քաղաք այցելողների և հյուրերի համար: Փոքրիկ լճակներն ու ցրված շատրվաններն ու ցայտաղբյուրները միահյուսվելով այգիների թավ կանաչի հետ քաղաքի համայնապատկերը դարձնում են հագեցած և ամբողջական:
Ի շնորհիվ հիմնական փողոցների շրջանձև տեղաբաշխման, քաղաքում կողմնորոշվելը բարդություն չի ներկայացնում նույնիսկ նրա համար, ով առաջին անգամ է այցելում Երևան:
Քաղաքի կենտրոնական մասը տեղաբաշխված է Գրիգոր Լուսավորիչ, Սարյան, Մոսկովյան, Խանջյան փողոցների սեղմ շրջանակում: Այդ շրջանը հատում են գլխավոր մայրուղիները-Մաշտոցի պողոտան, Տերյան, Թումանյան, Ամիրյան փողոցները և Սայաթ-Նովա պողոտան: Խանջյան և Մոսկովյան փողոցներին զուգահեռ ձգվող այգին, մեծաքանակ պուրակներն ու ծառուղիները հիանալի հանգստավայր են քաղաք այցելողների համար:
  Երևան քաղաքը հրաշագեղ է և անկրկնելի ցանկացած երկրում ապրող ամեն հայի համար: Ակամայից գրվում են ծանոթ երգից իրական ու ճշմարիտ բառերը..
ԱՄԵՆ ՔԱՂԱՔ ԻՐ ՍԻՐՏՆ ՈՒՆԻ,
ԵՐևԱՆԸ- ՆԱև ՀՈԳԻ...
Ծաղկի ու բարգավաճի հայերի միակ բնօրրան...միշտ հին ու միշտ նոր Երևան...

 

Սրճարան և ռեստորան

Արտադրամաս

Տուրիզմ ԲԱՅԱԶԵՏ

Հայաստանի պատմություն